ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Պեկինը կարող է դառնալ համաշխարհային գործերի հավելյալ կարգավորիչ

Պեկինը կարող է դառնալ համաշխարհային գործերի հավելյալ կարգավորիչ
22.07.2014 | 00:25

Պեկինում ավարտվեց չին-ամերիկյան ռազմավարական ու տնտեսական երկխոսության հերթական, 6-րդ ռաունդը։ Այս անգամ դրան զուգընթաց տեղի ունեցավ նաև միջազգային փոխանակության հարցերին նվիրված չին-ամերիկյան բարձր մակարդակի բանակցությունների 5-րդ ռաունդը։ Բացման արարողության ժամանակ ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը հայտարարեց, թե աշխարհում տիրող նոր իրավիճակն այնպիսին է, որ ընդլայնվում են այն ոլորտները, ուր Չինաստանն ու ԱՄՆ-ը ոչ միայն պետք է, այլև կարող են համագործակցել։ «Հնարավորություններ պետք է ստեղծել, և դրանք ի հայտ կգան այն ժամանակ, երբ նորարարական մոտեցում ցուցաբերվի»,- ընդգծեց պետության ղեկավարը։ Նրա խոսքերով՝ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում չինացիներն ու ամերիկացիներն ընդունակ են արարման. նրանք պետք է էլ ավելի ձգտեն նորի որոնման, առաջնորդվելով դարաշրջանի զարգացման տրամաբանությամբ։ «Մենք՝ երկու կողմերս, պետք է ձգտենք ինովացիոն դատողության, շարունակ ի հայտ բերենք համագործակցության պոտենցիալ, որդեգրենք համագործակցության նոր ցայտուն ուղղություններ»,- նշեց ՉԺՀ նախագահը։ Սի Ցզինպինն արտահայտվեց այն բանի օգտին, որ միջբանակային երկխոսության խորացման միջոցով առաջընթաց ապահովվի Չինաստանի և ԱՄՆ-ի ռազմական հարաբերությունների կառուցման գործում՝ կատարելագործելով շփումների ու համագործակցության համապատասխան մեխանիզմները։ Կողմերը պետք է փոխադարձության և փոխշահավետության հիմքի վրա ակտիվացնեն երկխոսությունն ու գործակցությունը ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ մղվող պայքարում՝ նշեց պետության ղեկավարը։ Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է համատեղ հակազդեն ևս մեկ համապարփակ մարտահրավերի՝ կլիմայի փոփոխությանը, յուրաքանչյուրին հնարավորություն ընձեռելով յուրովի օգտագործելու իր առավելություններն ու կատարելու իր պարտականությունները, ընդգծեց Սի Ցզինպինը։ Նա կոչ արեց նաև ակտիվացնել երկու երկրների շփումները և կոորդինացնել գործողությունները կարևորագույն միջազգային ու տարածաշրջանային հարցերում, նպատակ ունենալով նոր ավանդ ներդնել ընդհանուր խաղաղության, կայունության ապահովման և բարգավաճման գործում։ ՈՒ մեկ անգամ ևս արձանագրեց, որ Չինաստանի ու ԱՄՆ-ի միջև ներդրումային համաձայնագրին նվիրված բանակցությունները պետք է արագացնել և շուտափույթ կնքել բարձր մակարդակի և հաշվեկշռված պայմանագիր։
Չինաստանի «Սինխուա» լրատվական գործակալության ներկայացրած այս ընդարձակ մեջբերումը զետեղեցի, որովհետև ռուսական լրատվամիջոցները, որոնք դեռևս հայ ընթերցողի համար միջազգային լուրերի գլխավոր աղբյուրն են, ոչ միայն ծայրաստիճան թույլ լուսաբանեցին այդ կարևորագույն իրադարձությունը, այլև իրենց թույլ տվեցին ամեն ինչ գլխիվայր շուռ տալ։ Այսպես, «РИА новости» գործակալությունը (ընդ որում, չգիտես ինչու, Վաշինգտոնից և ոչ թե Պեկինից, որտեղ ընթանում էր համաժողովը) հաղորդել է, թե «երկխոսությունն» ընթանում է մի ամբողջ շարք հարցերում ԱՄՆ-ի ու Չինաստանի առճակատման բարդ պայմաններում»։ Սակայն գործակալությունն այնուամենայնիվ նշել է, որ «երկու կողմերն այն համարում են երկկողմ հարաբերությունների քննարկման կարևորագույն հարթակ և համաշխարհային հարցերի համաձայնեցման հնարավորություն»։ ՈՒ անմիջապես սկսել է թվարկել «տարաձայնությունները»՝ կիբերանվտանգություն, ՉԺՀ-ի և հարևան երկրների միջև Հարավչինական ու Արևելաչինական ծովերում եղած տարածքային վեճեր, ինչպես նաև չինական ազգային արժույթի արժեքի հարցի շուրջ բազմամյա դիմակայություն։ Ապա հետևցրել է. «Ընդ որում, փորձագետները համակարծիք են, որ առաջիկա հանդիպումը ճեղքում չի ապահովի երկկողմ հարաբերությունների խնդրահարույց ուղղություններից և ոչ մեկում»։
Իհարկե, չի կարելի ասել, թե այդ երկու համաշխարհային հսկաների հարաբերություններում խնդիրներ չկան, կան, և դրանք հիմնականում բնական են, հաշվի առնելով թե՛ հասարակարգերի տարբերությունը, թե՛ պետությունների միջև եղած կապերի բազմազանությունը։ Սակայն, ինչպես երկխոսության նախօրեին հայտարարել էր ՉԺՀ-ի արտգործնախարարի օգնական Չժեն Ցզեբուանը, դրա գլխավոր նպատակն է «ամրապնդել նշանակալի երկրների հարաբերությունների նոր մոդելը»։ ՈՒշադրություն դարձրեք «նշանակալի» բառին և հիշեք, որ հենց այս տեսանկյունից է Չինաստանի բարձրագույն ղեկավարությունը դիտարկում թե՛ Վաշինգտոնի հետ հարաբերությունները, թե՛ Պեկինի առաջարկած «աշխարհակարգի նոր մոդելը»։ Եվ Պեկինում կայացած համաժողովը լիովին համապատասխանում էր այդ բանաձևին։ Բավական է ասել, որ խորհրդաժողովում իբրև համանախագահներ հանդես էին գալիս ՉԺՀ Պետխորհրդի փոխվարչապետ Վան Յանը, ՉԺՀ Պետխորհրդի անդամ Յան Ցզեչին, ինչպես նաև ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին և ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Յակով Լյուն, ովքեր տվյալ դեպքում ներկայացված էին որպես ՉԺՀ-ի նախագահի և ԱՄՆ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչներ։
Նորից դիմենք չինական պաշտոնական աղբյուրներին։ China 24 news հեռուստալրատվական ծրագիր. «Այս տարի չին-ամերիկյան ռազմավարական և տնտեսական երկխոսությունն ընդգրկում է ներքին ու արտաքին քաղաքականության բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ կլիմայի փոփոխության և գիտական ինովացիայի հարցերը։ Կողմերը քննության կառնեն Հարավային Սուդանի կացության, ՄԱԿ-ի խաղաղարար գործունեության և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գործակցելու հարցերը, ինչպես նաև կենդանիների ու բույսերի ապօրինի առևտրի դեմ պայքարի եղանակները։ Բացի այդ, կշոշափվեն մակրոտնտեսության, առևտրի և ներդրումային համագործակցության հարցեր»։ Առանձնապես ընդգծվում է, որ միջազգային փոխանակությանը նվիրված չին-ամերիկյան բարձր մակարդակի բանակցությունները սևեռված են եղել ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև երիտասարդների փոխանակությունների ակտիվացման վրա, և քննարկվել է ՉԺՀ-ի նախագահի տիկին Պեն Լիյուանի և ԱՄՆ-ի նախագահի տիկին Միշել Օբամայի առաջարկած համագործակցության ծրագիրը։
Եվ, իհարկե, անուշադրության չմատնվեցին նաև ռազմավարական առումով կարևոր տնտեսական հարցերը, ուր երկու կողմերի գլխավոր մոտեցումը «երկկողմ հարաբերությունների կայունության ապահովումն է»։ Դրանց ներկա վիճակն ու զարգացումն էին Պեկինում քննարկելու եկել ԱՄՆ-ի ֆինանսական հիմնարկների ու դեպարտամենտների մոտ 20 ղեկավարներ։ Տնտեսական երկխոսության շրջանակներում տեղի ունեցավ հատուկ համաժողով՝ նվիրված մակրոտնտեսության, կառուցվածքային բարեփոխումների, առևտրական ու ներդրումային համագործակցության ակտիվացման, բարեփոխումների ու ֆինանսների բնագավառի բաց քայլերի և անդրսահմանային վերահսկողության ոլորտի համագործակցության հարցերին, որի լեյտմոտիվը «չին-ամերիկյան տնտեսական գործընկերության զարգացմանը նպաստելն է փոխադարձ հարգանքի, համագործակցության և փոխշահավետության հիմքի վրա»։ Ինչպես հավաստիացրեց Չինաստանի ֆինանսների նախարարության ներկայացուցիչը, «կողմերը կշարունակեն ՉԺՀ-ի ներքին ֆինանսական բարեփոխմանն առնչվող թեմաների և յուանի հարցերին նվիրված անկեղծ ու խոր երկխոսությունը»։ Նա նաև հույս հայտնեց, որ «ԱՄՆ-ի՝ խոշորագույն զարգացած երկրի ու պահուստային արժույթի հիմնական թողարկչի փոխարժեքային քաղաքականությունը պետք է պատասխանատու լինի»։
Հասարակական փոխանակությունների վերաբերյալ չին-ամերիկյան բարձր մակարդակի կոնսուլտացիաների 5-րդ ռաունդի ընթացքում գլխավորը «Միավորել երիտասարդական կապերը և ստեղծել խաղաղ ապագա» կարգախոսն էր։ Դրա ընթացքում տեղի ունեցան այնպիսի միջոցառումներ, ինչպիսին էր «Հազարավոր դպրոցների համագործակցությունը, բնության նկատմամբ սերը և բնապահպանական կյանքը» նախագիծը։ Ընդ որում, հարկ է նկատել, որ պետությունների ղեկավարների տիկնանց գործի դրած երկու երկրների տարրական և միջնակարգ դպրոցների համագործակցության ամրապնդման նախաձեռնությունը սոսկ արարողակարգային միջոցառում չէր։ Այն արդեն ամենուրեք իրագործվում է թե՛ ՉԺՀ-ում, թե՛ ԱՄՆ-ում։
Համաժողովի ավարտին ՉԺՀ-ի ԱԳՆ ներկայացուցիչ Ցին Գանը մամուլի ներկայացուցիչներին ծանոթացրեց համաժողովի հիմնական արդյունքներին։ Նա նշեց, որ երկու օրում չինական և ամերիկյան կողմերը խորությամբ և բաց տեքստով քննարկեցին չին-ամերիկյան նոր տիպի միջպետական հարաբերությունների կերտմանն աջակցելու հարցերը, անդրադարձան երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային ու տարածաշրջանային այլ խնդիրների։ Կողմերը միասնության ու առաջադիմության հասան բազմաթիվ հարցերում։ Միաժամանակ նա ուշադրություն հրավիրեց «տեղի ունեցած երկխոսության և կոնսուլտացիաների չորս առանձնահատկությունների վրա»։ Նախ, դրանց անցկացմանը մեծ ուշադրություն նվիրեցին երկու երկրների ղեկավարները։ Երկրորդ, երկխոսությանն ու կոնսուլտացիաներին մասնակցում էին երկու կողմերի բազմաթիվ բարձրաստիճան այրեր։ Երրորդ, քննարկման հարցերի շրջանակը լայն էր և վերաբերում էր չին-ամերիկյան հարաբերությունների գրեթե բոլոր ոլորտներին և միջազգային ու տարածաշրջանային կարևոր խնդիրներին։ Չորրորդ, հանդիպումներն ավարտվեցին արդյունավետորեն։ Չին դիվանագետի ասելով, կողմերը անկեղծ մթնոլորտում կարծիքների խոր փոխանակություն են կատարել այն տարաձայնությունների ու վիճելի հարցերի շուրջ, որ երկու կողմերը խոստացել էին հսկողության տակ առնել և խելամիտ լուծում տալ։ Նա ընդգծեց, որ տեղի ունեցած երկխոսությունն ու կոնսուլտացիաները երկկողմ հարաբերությունների բարելավման ու զարգացման հաջորդ փուլի նոր ելակետ դարձան։ Ապա ավելացրեց. «Չինաստանը ողջունում է ԱՄՆ-ի նախագահ Բ. Օբամայի մասնակցությունն Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որը կայանալու է ս. թ. նոյեմբերին Պեկինում, և նրա այցը Պեկին»։
Այնպես որ, եթե դեռ վաղ է խոսել «Վաշինգտոն-Պեկին» աշխարհակարգի նոր գծի մասին, ապա այն, որ հերթական երկխոսության ընթացքում հաղթահարված է «կարևոր փոխըմբռնման» ևս մեկ աստիճան, անհերքելի փաստ է դառնում։ Եվ ամենակարևորը. ինչպես հաղորդում են չինացի փորձագետները, «երկխոսության ընթացքում սահմանվել են բախումներ ու առճակատումներ թույլ չտալու, փոխադարձ հարգանքի ու փոխշահավետ համագործակցության սկզբունքները»։ ՈՒստի և, եթե Պեկինին ու Վաշինգտոնին (չնայած բոլոր դժվարություններին ու չարակամների թվին) հաջողվի երկարաժամկետ հեռանկարում հետևել արդեն քննություն բռնած սկզբունքներին, նոր հայեցակարգին ու գործնական մոտեցմանը, ապա դա, ըստ էության, միայն կայունություն կավելացներ մեր բարդ ժամանակներում։ Դժվար է փորձագետների հետ չհամաձայնել, որ Ամերիկան «ավելի ու ավելի պակաս է պատրաստ պատասխանատվություն ու գլոբալ լիդերության հետ կապված ռիսկեր ստանձնելու այլ դերակատարների բացակայության պայմաններում»։ Այնպես որ, հակամարտությունների օջախների թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի ու է՛լ ավելի խոշոր հրդեհներ կծնի, քան մինչ օրս մեր տեսածները։ Եվ այս իրավիճակում Պեկինը կարող է դառնալ ոչ միայն կարևորագույն նեցուկ և համաշխարհային գործերի հավելյալ կարգավորիչ, այլև նոր, ավելի հավասարակշիռ աշխարհակարգի հիմքեր գցել։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1782

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ